Հիշո՞ւմ եք բարոնի ու իր սիրեցյալի զրույցը. Մա՛րթա, ինչ-որ բան ասա հրաժեշտին: Ես քեզ սիրում եմ: Ա՛յն չէ: Ես քեզ կսպասեմ: Ա՛յն չէ: Նրանք խոնավ պայթուցիկ են դրել, Կա՜ռլ…
Ա՛յն է:
ԵՐԿՐԱՊԱՀ. ՊԱ՛Հ-ՊԱ՛Հ-ՊԱ՛Հ
ԵԿՄ այս համագումարը լրիվ այլ էր: Վիզուալից մինչև բովանդակային բաղկացուցիչ:
Վերջին տարիներին ԵԿՄ-ն մի տեսակ ասես իրեն կորցնում էր, բայց այդ օրը` հավաք, կազմակերպված, ահավոր ինստիտուցիոնալ ու ցիվիլ (ուրիշ ժամանակ տեղերից, ամբիոնից, տղերքը` մի քիչ նեղացած, մի քիչ ամբախ-զամբախ, բայց միշտ սիրելի, յուրորեն լիքը «բազար-վակզալ» էին անում):
Էս անգամ` չէ: Մի ուրիշ` անբացատրելի, բայց և նույնքան տնական բան կար: Տղերքը նույնիսկ շատ սիրուն էին հագնված, մեդալները դոշներին: Հլը համագումարը չսկսած, ֆուրշեթի սեղանի մոտ` «մի բաժակ արաղ տվեք, խմենք». սպասավորները «մի բաժակը» տալիս, հետո խոնարհաբար խնդրում էին` հլը ժամը չէ, հետո բոլորով միասին կմոտենաք, տղերքը նեղսրտում էին` «ժա՞մս որն է, այ մեռնեմ քո կյանքին, գաք մեր գեղ, մե հորթ կմորթենք. կուտեք-կխմեք, ժա՜մ». բայց խելոք-սիրուն հետ էին քաշվում:
Մեր մեջ ասած` գեներալ Մանվելն էլ էդ օրը մի ուրիշ էր: Նախ` ոչ մի անգամ չասաց` «օղորմի պապուդ», ճիշտ է, ևս մեկ անգամ հարկ համարեց նշել, որ եթե թշնամին իրեն «նենց չպահի, ինքը Բաքու գործեր ունի», սակայն սա այլ Մանվել էր: Նրա ելույթը բացառիկ լավն էր (մեզ թվաց` բոլորից լավը), հետն էլ` էնպիսի շեշտադրումներով էր կարդում, ասես կյանքը ոչ թե չոլերում, պատերազմի դաշտերում, այլ եվրոպաների մագիստրալ ինստիտուտներում է անցկացրել:
Մի խոսքով, դետալային մտածված, կազմակերպված (աշխարհում ամենից շատ ԵԿՄ-ին «պրիզնատ» եկող, ողնաշարի բոլոր կետերով «Երկրապահին» կապված Իշխան Զաքարյանի ամագն ակնառու էր, կազմակերպչական նման «մախ» միայն իր մասնակցությամբ կարող էր լինել) համագումար էր ստացվել:
Անցանք առաջ:
Գաղտնիք չէ` այս կառույցի ներուժն անչափ մեծ է. նրանք էս երկրում արժանիորեն ունեն խոսքի ամենամեծ իրավունքը, ամենամեծ հեղինակությունը և ցանկացած կայացած կուսակցությունից առավել ունեն կառույցներ, որոնք ոչ միայն կարող են բուֆեր դառնալ, այլև խիստ որոշիչ լինել:
ՈՒ թող համարձակ չթվա, այնուհանդերձ և իսկապես, պառակտված, վերջին տասը տարում գեթ մեկ հայտարարության չափ երբևէ չմիասնականացած (հիշո՞ւմ եք` 99-ից հետո սպասում էինք` հեսա ԵԿՄ-ն հայտարարություն է անելու, իրիկունը թե` առավոտն է անելու, առավոտը թե` իրիկունը, 2008-ին էլ տեսաք` ինչ եղավ, այնուհանդերձ, ԵԿՄ-ն դագանակ չդարձավ. այս մասին ներքևում, սակայն մեկ պատասխան ՀԱԿ-ի համակարգողի վերջին մտքին. այն է` ԵԿՄ-ն «զրոյական» նշանակության է, արժե. նախ` ասվածը ոչ միայն բարոյական չէ` այդ կառույցի անցած ուղու առումով, այլև հարց. 2008-ին բա ինչո՞ւ էիք այդքան երկար ու այդքան անհամբեր սպասում գեներալ Մանվելին) ԵԿՄ-ն իրեն լիովին վերագտել էր:
Հետո էլ, առաջին անգամ երկրի նախագահը մասնակցում էր ԵԿՄ համագումարին:
Ընդամենը երկու դիտարկում. նման մասնակցությամբ, նախ, ԵԿՄ «այդ անդամը» վերադառնում էր ինքն իր պատկերին (նա տղերքի հետ խոսեց «տղավարի-երկրապահավարի»` «Բարով տեսանք, տղերք, պինդ պիտի լինենք, տղերք»), և նույնքան էլ սահուն ու «տղավարի»` ԵԿՄ-ն վերադարձրեց իր պատկերին:
Որպես ԵԿՄ շարքային անդամ, նա մնաց մինչև վերջ, համբերատար լսեց բոլոր ելույթները, մասնակցեց վարչության ընտրություններին, հետո էլ ֆուրշեթին. էնքան երկար, որ հոգնեցինք:
Իսկ հիմա «սմերտելնի» դիտարկումը` հատուկ ԵԿՄ-ի լավը չուզողների, «մեր մարտական ընկերոջ» ահարկու օպոնենտների համար:
ՈՒզում-չեք ուզում, հարգելիներ, երկրում բարձրացվում է տեսակը, որը միասնականության և ոչ տարանջատման կողմնակիցն է:
ՈՒզում-չեք ուզում, հարգելիներ, երկրում սկսում է գործել փոխակերպման բանալին:
Երկրում, հարգելիներ, սկզբին վերադառնալու խնդիր է դրվում: Շեշտվում, արժեհամակարգվում:
Շա՜տ հարգելիներ:
ՈՒ ինչպես այն օրերին, երբ հայրենիքը պատերազմով պետք է «նորոգվեր» ու հաղթեր, առաջին արձագանքողն ու «հարվածն» իր վրա վերցնողը երկրապահը եղավ, այդպես էլ այսօր` ԵԿՄ-ն տեսակի փոխման, միասնականացման «հարվածը» վերցնում է իր վրա:
Եվ այն ԵԿՄ-ն, որի մի մասին մինչև վերջերս տիրություն էր անում նույնիսկ ԲՀԿ-ն (որ տեսականորեն ոչ մի կապ չունի ԵԿՄ-ի հետ. թե՞ նախորդ կյանքում առյուծի փոխարեն երկրապահ է «եղել»), մյուս մասին` Քոչարյանը, էն մի մասին` մեր շատ սիրելի Արամ Զավենիչը, հետո հարգելի Սեյրան Օհանյանը, հետո` էլի չգիտեմ թե ով, այսօր ԵԿՄ-ն փորձում է միաձույլ դառնալ, որովհետև
ՎԱԶԳԵՆԻ ՀՈԳԻՆ ՉԷՐ ԹՈՂՆԵԼՈՒ,
որ ԵԿՄ-ն աներ այն, ինչ պահն ու կոնյունկտուրան էին թելադրում, ինչ Ազատության հրապարակն ու կուլիսներում էին ցանկանում:
Պատերազմի ամենածանր հարվածն իր վրա վերցրած, իր արյամբ ու մարմնով հայրենիքը ծածկած ու նահատակված տեսակի համար անթույլատրելի էր լինելու ձեռք բերած ոտնատեղը ներքին պառակտումների ու խաղերի վրա մսխել:
ՈՒ Վազգենն այդ անելուն խանգարելու էր երկնքից;
Իսկ միաձույլ լինելու, երկրի ղեկավարի, մարտական ընկերոջ կողքին կանգնելու այս քայլը մեզ հետաքրքրում է բացարձակապես ոչ ներքին կյանքի «դիրքերից»: Չնայած երբ տեսնում ես, թե Օսկանյանն ու «նմաններն» ինչպես են կրկին մղվում դեպ «մարտի 1», մտածում ես, որ նրան ու «նմաններին» տրված ինստիտուցիոնալ պատասխանը հենց սա էր, պարզ պատճառով, որ նրանց տեսակը գոյատևում է բացարձակապես փոշիացման վրա. նրանց կրեդոն «խուրդելն» է. «խուրդի» հետ իրենց տեսակը լավ է դաշնվում, միասնականացումը նրանց հակացուցված է (տե՛ս ԵԿՄ տասը տարիների անցած ուղին):
Բայց պետք չէ նեղմիտ լինել:
Տարածաշրջանն այսօր վառոդի տակառ է, և չի բացառվում` ամեն րոպե պայթի. Իրանի շուրջ համաշխարհային աղեղը (աղետն էլ) սեղմվում է վայրկյանների արագությանբ: Իսկ ուրիշի խաղում թնդանոթի միս դառնալ հաստատ չի կարելի: ՈՒստի պետք է հավաքվել, կազմակերպվել` բջիջ առ բջիջ ու պատրաստ լինել ցանկացած զարգացման` հոգեպես և «մարմնապես»
ՈՒ, ինչպես միշտ, այդ «համահավաքը» պետք է սկսեր երկրապահը:
Ինչն էլ արեց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ